Ցախավելն ու Բեֆանան

Ջ․ Ռոդարի


Բեֆանան   ապրում է Նավոնի հրապարակում: Նոր տարուց հետո  նա ցախավելն արդեն օգտագործում է միայն տարբեր աշխարհներ այցելելու համար: Նա Լուսին, Մարս, Անտարես է թռչում: Կտրում-անցնում է միգամածություններ ու գալակտիկաներ: Վերջում Բեֆանաների երկիր է վերադառնում և միանգամից հարձակվում քրոջ վրա, թե ինչու հատակը չի լվացել, կահույքի փոշին չի վերցրել և վարսավիրանոց չի գնացել: Բեֆանայի քույրը նույնպես Բեֆանա է, բայց ճամփորդել չի սիրում: Նա ամբողջ օրը տանը նստած շոկոլադ է ծամում և անիսոնե սառնաշաքար ծծում: Նա ավելի ծույլ է, քան քսանչորս կովը միասին:

Քույրերը ցախավելների խանութ ունեն։ Այդտեղից են ավել գնում Իտալիայի բոլոր   Բեֆանաները` Օմենիայից, Ռեջիո-Էմիլիից, Ռիվիսոնդոլայից՝  ամեն տեղից գալիս են: Հազարավոր Բեֆանաներ կան, և նրանք շատ-շատ ցախավել են օգտագործում, այնպես որ, քույրերի գործը աջ է գնում: Իսկ երբ քիչ են ավել գնում, Բեֆանան քրոջն ասում է.
— Ավել գնողները պակասել են, պետք է մի բան մտածել: Եվ դու, երևի, ճարը կգտնես. չէ՞ որ այդքան շոկոլադ ես ուտում:
— Կարելի է ավելի էժան վաճառել: Հիշո՞ւմ ես՝ անցյալ տարի հին, վերանորոգված ցախավելներն այդպես նորի տեղ վաճառեցինք:
— Ավելի լավ բան մտածիր, թե չէ կոնֆետիդ ծախսերը կկրճատեմ:
Բեֆանայի քույրը լուրջ մտածում է./
— Կարելի է,-ասում է,- նորաձևություն առաջարկել, օրինակ՝ մինի-ավել:
— Դա ի՞նչ է:
— Շատ կարճ ավել:
— Բայց դա անհամեստ կերևա:
— Պա ̃հ: Մի քանի ծեր Բեֆանաներ կբարկանան, իսկ հետո, կտեսնես` ջահել Բեֆանաների ուշքը կգնա այդպիսի ավելիկների համար:
Նորաձև մինի-ցախավելները  շատ Բեֆանաների դուր եկավ: Սկզբում տարեց Բեֆանաները բարկությունից պատեպատ էին զարկվում, նամակ-բողոքներ էին ուղարկում թերթերին, բողոքի ցույցեր կազմակերպում: Բայց հետո նրանք էլ, վարագույրները պինդ փակում էին և թաքուն փորձում  այդ կարճ ցախավելները: Մի գեղեցիկ օր նրանք էլ մինի-ցախավելներով փողոց դուրս եկան: Ամենաժլատ Բեֆանաները պարզապես կտրում են իրենց ցախավելների պոչերը և այդպես օգտագործում: Բայց դա աչք էր ծակում, որովհետև խախտվում էր համաչափությունը, և ժլատությունն էլ նրանց պատիվ չի բերում:
Որոշ ժամանակ անց կրկին սկսեցին քիչ գնել:
— Դե,- ասում է Բեֆանան քրոջը,- էլի մի բան մտածի´ր, թե չէ կինոյի փող էլ չեմ տա:
— Բայց գլուխս էլ է սկսելն ցավել, այնքան եմ մտածում:
— Չես մտածի, կինո չես գնա:
— Ո~ւֆ, մաքսի-ցախավելների նորաձևություն առաջարկենք:
— Դա ի՞նչ է:
— Շա~տ երկար ցախավել, երկու անգամ երկար, քան պետք է:
— Քո կարծիքով  դա ավելորդություն չի՞ լինի:
— Իհարկե, ավելորդություն կլինի, հենց դրա համար էլ կսկսեն շատ գնել:
Եվ այն օրը, երբ առաջին Բեֆանան` մի շատ երիտասարդ և սլացիկ Բեֆանիկ, հասարակության մեջ հայտնվում է իր մաքսի-ցախավելով, բոլոր Բեֆանաները ուղղակի նախանձից խելագարվում են: Գրանցվել է քսանյոթ ուշագնացություն, երեսունութ նյարդային նոպա և քառասունինը հազար հեծկլտոց: Դեռ երեկո չեղած՝ արդեն մաքսի-ցախավելների խանութի առջև այնպիսի երկար հերթ առաջացավ, որ դրա վերջը մինչև Բուստո Արսիցիո էր հասնում:
Հաջորդ տարի Բեֆանայի քույրը հայտնագործում է միդի–ցախավելը, ճիշտ է դրա համար նա քրոջից սալորաչրի միջուկով շոկոլադի տուփ է ստանում: Ո´չ մեծ էր, ո´չ փոքր, միջին էր: Բեֆանաները շատ են հարստանում և փոշեկուլի խանութ են բացում:
Եվ այդ ժամանակից սկսվում են դժբախտությունները, որովհետև Բեֆանաները, թռչում էին ոչ թե ցախավելներով, այլ փոշեկուլներով և ներս են քաշում ամպերը, գիսաստղերը, մեծ ու փոքր թռչուններին,  օդապարիկները, երկնաքարերը, բնական և արհեստական արբանյակները, փոքր մոլորակները, չղջիկներին և նույնիսկ լատիներեն դասավանդողներին: Իսկ մի Բեֆանա անուշադրության պատճառով մի անգամ ներս է քաշում ինքնաթիռն իր ուղևորներով, և հետո էլ ստիպված է լինում բոլորին տուն հասցնել ծխնելույզով:
Փոշեկուլը լավ բան է, երբ պետք է մաքրություն անել: Իսկ ճամփորդելու համար,  ինչ ուզում ես արա, հին ցախավելն ավելի հարմար է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *